Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը մեծապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը
Բալկաններում, նեղուցներում և Մերձավոր Արևելքում: Այս հանգամանքը չէր բխում եվրոպական մեծ
տերությունների շահախնդրություններից, որոնք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին` Ռուսաստանին
զրկելու ձեռք բերած նվաճումներից: Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի անզիջում դիրքորոշումը
հնարավոր էր դարձնում նույնիսկ պատերազմի բռնկում նրանց և Ռուսաստանի միջև: Եվ քանի որ
վերջինս պատրաստ չէր պատերազմի, ուստի համաձայնվեց միջազգային կոնգրես հրավիրելու և
կնքված հաշտության պայմանագիրը վերանայելու առաջարկներին: Նախատեսվեց նոր կոնգրեսը
հրավիրել 1878 թ. ամռան սկզբներին Բեռլինում:
Կ. Պոլսի հայ հասարակական շրջանները որոշեցին մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա,
որն այնտեղ պաշտոնապես ներկայացնելու էր «հայ ազգի ցանկություններն ու ձգտումները»:
Պատվիրակության գլուխ կարգվեց ճանաչված հոգևորական Մկրտիչ արքեպ. Խրիմյանը,
քարտուղար` Մինաս Չերազը, անդամներ` Ստեփան Փափազյանը և Խորեն Նար-Պեյը:
Պատվիրակությունը կոնգրեսին էր ներկայացնելու մի խնդրագիր, որի բովանդակությունը հետևյալն
էր.
1. Հայկական գավառները պետք է համախմբվեին մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը
կառավարվելու էր քրիստոնյա կառավարչի (նախընտրելի էր հայ) կողմից` հինգ տարի
ժամանակով:
2. Նահանգապետը օժտված էր լինելու գործադիր իշխանությամբ և կարող էր պաշտոնանկ
արվել միայն տերությունների համաձայնությամբ: Նրա նստավայր էր նախատեսվում
Էրզրումը:
3. Նահանգի հարկերից ստացվող եկամտի 20%-ը տրվելու էր ֆինանսների նախարարությանը,
իսկ մնացած 80%-ը պետք է հատկացվեր տեղի լուսավորության, առողջապահության,
ճանապարհաշինության և տնտեսության զարգացման կարիքներին:
4. Սահմանվելու էր դավանանքի ազատություն, կազմվելու էին քրեական և քաղաքացիական
նոր օրենսգրքեր:
5. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվեր քրիստոնյաների և
մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը: Ոստիկանների թիվը պետք
է հարաբերականորեն համապատասխաներ մահմեդական և հայ բնակչության թվին:
6. Հայերենը, թուրքերենի հետ հավասարաչափ, գործածության մեջ էր դրվելու վարչական ու
դատական հիմնարկներում և դառնալու էր պաշտոնական լեզու:
7. Քրդական և չերքեզական հրոսակախմբերը զինաթափվելու էին, իսկ նրանց
ասպատակությունների դեմ պայքարելու համար ստեղծվելու էին տեղական ոստիկանական
ուժեր` եվրոպացի սպայի հրամանատարության ներքո:
8. Նշված բարենորոգումները կյանքում կիրառելու և վերահսկելու պատասխանատվությունը
դրվելու էր միջազգային հանձնախմբի վրա:
Ինչպես ակներև է, հայկական այս ծրագրով չէր դրվում Թուրքիայից Արևմտյան Հայաստանի
անջատման խնդիրը, չէր առաջարկվում հայկական նահանգները միացնել Ռուսաստանին, այլ դրվում
էր միայն բարենորոգումների խնդիր, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին բալկանյան սլավոնների
շրջանում կատարված բարենորոգումները: Ծրագրին կցված տեղեկագիրը պարունակում էր
Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ազգաբնակչության թվաքանակի վերաբերյալ հավաստի
վիճակագրություն: Դրա համաձայն կայսրության 3 միլիոն հայերից Արևմտյան Հայաստանում բնակվում է 1.330 հազարը: Նույն տարածքում թուրքերի թիվը կազմում էր 530 հազար, քրդերինը` 120

հազար, մյուս ազգություններինը` 82 հազար: Փաստորեն հայերն Արևմտյան Հայաստանում
բացարձակ մեծամասնություն էին կազմում բնակչության ընդհանուր թվում:
Հետաքրքիր է, որ սուլթանը քաջատեղյակ էր վերոնշյալ խնդրագրին ու տեղեկագրին և անգամ
խրախուսեց պատրիարքին` հայկական պատվիրակություն ուղարկելու Բեռլին: Նման դիրք բռնեց
նաև Անգլիան: Այս ճանապարհով նրանք փորձում էին սեպ խրել հայերի և ռուսների միջև և, ի վերջո,
ձախողել հայերի պահանջները, իսկ Հայկական հարցն ամփոփել իրենց մտադրությունների
շրջանակներում: Եվ դա նրանց հաջողվեց:
Նախքան Բեռլին հասնելը հայկական պատվիրակության անդամները եղան Հռոմում,
Փարիզում, Լոնդոնում, Ս. Պետերբուրգում, հանդիպումներ ունեցան քաղաքական, դիվանագիտական
շրջանակների հետ, որոնք խոստացան կոնգրեսում պաշտպանել հայերի դատը: Պատվիրակությունն
ամբողջ կազմով Բեռլին ժամանեց մայիսի կեսերին և կոնգրեսի մասնակիցներին բաժանեց Արևմտյան
Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից փաստաթղթերը, որոնք հենց սկզբից բավարար
ուշադրության չարժանացան:
Կոնգրեսի աշխատանքներն սկսվեցին հունիսի 1-ին և ավարտվեցին ճիշտ մեկ ամիս անց`
հուլիսի 1-ին: Հայ պատվիրակների բոլոր փորձերը` մասնակցելու Կոնգրեսին` մերժում ստացան,
ուստի նրանք ստիպված էին բավարարվել միայն մասնակից երկրների պատվիրակների հետ
առանձին հանդիպումներով: Բեռլինի կոնգրեսում վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի
համարյա բոլոր դրույթները, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը: Կոնգրեսում
տնօրինում էին անգլիական դիվանագետները և հենց նրանց թելադրանքով ընդունվեց բանաձևի 61-
րդ հոդվածը` հետևյալ ձևակերպումով. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա
հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն
ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր
Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ
նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»: Կոնգրեսը որոշեց «հայաբնակ
մարզերում» բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքերի առկայությամբ, այլ,
ընդհակառակը, դրանք անցկացվելու էին այնտեղից ռուսական բանակի դուրս գալուց հետո:
Փաստորեն հայկական բարենորոգումների իրագործման իրավական երաշխիքը` ռուսական բանակի
ներկայությունը, փոխարինվում էր տերությունների` բարենորոգումներին վերահսկելու անորոշ
երաշխավորությամբ: Հատկանշական է, որ 61-րդ հոդվածում Հայաստան անվանումը այլևս չէր
հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե
որո՞նք էին այդ մարզերը և ի՞նչ բնույթի էին լինելու բարենորոգումները, այդ մասին ոչինչ չէր ասվում:
Այսպիսով, Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի
միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն
անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից` այն դարձավ միջազգային
դիվանագիտության շահարկումների առարկա` բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին:
Հայկական հարցի շահարկման դիմաց Անգլիան Թուրքիայից կորզեց Կիպրոսը, ինչպես նաև
տնտեսական ու առևտրական բազում առանձնաշնորհումներ:
Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար:
Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները
թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s