Համիդյան ջարդեր

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա։ Այդ օրը Կ.Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ.Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների։ 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեէմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ.Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ.Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ. հայ։

Պատմություն

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մահմեդական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ինքնապաշտպանական մարտերը

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մահմեդական խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և

որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր։

Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ Գևորգ Չաուշը, Փարամազը, Հրայրը (Ուրվական), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։
Հետևանքները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100000 բռնի մահմեդականացվել, 100000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։
Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s