Հայ իրավական մտքի պատմություն

Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը։ Պետության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում։ Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ։ Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին։

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը։ Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր։

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը դյուրին չի եղել, այն տևել է հարյուրամյակներ։ Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է աբցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին։ Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ։ Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները։
Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար։ Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները։ Այդ աղբյուրներն են[1].

  1. սովորույթը կամ սովորութային իրավունքը
  2. կանոնական կամ եկեղեցական իրավունքը
  3. օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
  4. ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)
  5. իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները։

Սովորույթներ

Հին պետությունների ռրենսդրական ժողովածուները հիմնականում կազմված են սովորութային իրավունքի փոխառումերնից։ Այդպիսին են Բաբելոնի «Համմուրաբի թագավորի օրենքները», Հին Հռոմի «12 աղյուսակները», Հին Հունաստանի «Սոլոնի օրենքները» և այլն։ Հնում հայերի համար օրենքը, փաստորեն, նույն պարտադիր սովորույթն էր։ Դա պարզորոշ կերպով արձանագրված է հին հայկական մատենագիրների մոտ, որոնք շատ հաճախ էին կիրառում «օրենքը նախնեաց», «կարգ նախնեաց» և նման այլ արտահայտություններ, որոնք ըստ էության նշանակել են մի բան՝ սովորութային իրավունք։ Սովորութային նորմերն իրավունքի աղբյուր են եղել նաև միջնադարյան Հայաստանում[2]:

Եկեղեցական կանոնների ժողովածուներ

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները։ Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են։ Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին։ Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համակվում են իրավական նորմերի բնույթով։ Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու[3]:

Օտար իրավունքի ռեցեպցիա

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես սովորութային իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի, ինչպես օրինակ մովսեսական, ասորահռոմեական և, մանավանդ, բյուզանդական օրենքների մասնակի կիրառումը, և երբ դրա հետևաքով էլ առաջանում է տեղական ազգային օրենսգիրք կամ դատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը։ Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք։ Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով. բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակոով, երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները[1]:

Ազգային դատաստանագրքեր

Բնականաբար, հայոց իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերը[1]:

Իրավահայտ աղբյուրներ (մատենագիրների աշխատանքներ)

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը։ Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ։ Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար։ Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են[1]:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s