Քաղաքացիաիրավական պարտավորություններ

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այժմ պարտավորաիրավական հարաբերությունները առանձնանում են իրենց նշանակությամբ:

Ներկայումս, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս իրավական կարգավորման ենթարկել պարտավորության ինստիտուտին վերաբերող բոլոր հարցադրումները: Պարտավորություններ առաջանում են բոլոր նյութական և ոչ նյութական բարիքների կապակցությամբ: Քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր ինստիտուտին վերաբերող իրավակարգավորումները որոշակի չափով պարունակում են նաև դրույթներ, որոնք իրենց բովանդակությամբ կարգավորում են իրավահարաբերության սուբյեկտների միջև ծավալվող պարտավորական հարաբերությունները: Այստեղից անհրաժեշտ է հետևել, որ պարտավորությունների նշանակությունը մի դեպքում հանգում է քաղաքացիաիրավական սուբյեկտների միջև ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը, որոնք ձևավորվում են սուբյեկտների կողմից գույք փոխանցելու, աշխատանքներ կատարելու, դրամ վճարելու և ծառայությունների մատուցելու ձևով, մեկ այլ դեպքում էլ՝ պարտավությունը ինքնին դրսևորվում է վերոնշյալ գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու մեջ: Վերլուծելով պարտավորությունների նշանակությունը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև վերջինիս իրավակարգավորիչ բնույթին: Պարտավորություն սահմանելով կողմերը նպատակ են հետապնդում հնարավորինս կարգավորել այն պարտականությունների ծավալը, որոնք սուբյեկտներն ունեն միմյանց նկատմամբ,իսկ նման կարգավորում սահմանելն ինքնին բխում է իրավակարգավորիչ բնույթից, հստակորեն ուղղված է յուրաքանչյուրի ունեցած պարտավորությունների կատարմանը, որը կբացառի կողմի իրավունքների ցանկացած տիպի խախտում: Առօրյա կյանքում քաղաքացիական իրավունքի սուբյեկտային կազմի կողմից իրականացվում են բազմաբնույթ գործողություններ, որոնք ստեղծում են որոշակի պարտավություններ վերջիններիս համար: Այդ պարտավորություններն առաջանում են գրեթե բոլոր ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրության են արժանի քաղաքացիաիրավական պայմանագրերը, որոնցում զետեղված պարտավորությունները առավելապես կարգավորվում են պարտավորության ինստիտուտում ներառված նորմերով: Ներկա ժամանակաշրջանում մեծ կիրառում ունի նաև վնասի ինստիտուտը, որը առաջացնում է պարտավորություններ կողմի համար: Պարտավորությունների առաջացման վերոնշյալ հիմքերը մեծ կիրառում ունեն ներկայումս, ինչն էլ խոսում է թեմայի արդիականության մասին: Այսպիսով՝ թեմայի նշանակությունը և արդիականությունը փոխպայմանավորված են ներկա ժամանակահատվածում ծավալվող պարտավորությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ, ինչպես նաև թեման ունի գործնական լայն կիրառում քաղաքացիական իրավունքի սուբյեկտների կողմից: Թեմայի ուսումնասիրման նպատակը և խնդիրները: Աշխատության նպատակն է պարտավորական հարաբերությունների համակողմանի ուսումնասիրության միջոցով ոլորտում առկա բացերի վերհանումն ու գիտականորեն հիմնավորված տեսակետների և կարծիքների միջոցով դրանց հաղթահարման ուղիների ներկայացումը: Առաջադրված նպատակին հասնելու համար մեր կողմից ներկայացվել և հետևողականորեն լուծվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ • Ներկայացնել պարտավորության ծագման այլ հիմք, որի դեպքում նույնպես պարտավորության կողմերը կարող են միաժամանակ հանդես գալ որպե՛ս պարտատեր և որպե՛ս պարտապան, բայց պարտավորության առաջացման հիմքը պայմանագիրը չհանդիսանա (ՀՀ Քաղ. օր հ. 346, 2-րդ կետ): • Ներկայացնել պարտավորության ծագման այլ հիմք, որը համարվում է միակողմանի գործողություն: ՀՀ քաղ. օր. սահմանափակում է միակողմանի գործողություններից ծագող պարտավորությունները ընդամենը երեք հիմքով, մինչդեռ դրանց թիվը գերազանցում է երեքը: • Ներկայացնել այն պարտավորությունը, որը չի դադարում իրավաբանական անձի լուծարման դեպքում: Թեմայի ուսումնասիրման մեթոդները: Թեմայի ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել հետևյալ մեթոդները՝ պատմականության, իրավահամեմատական, իրավավերլուծական, տրամաբանության և այլ մեթոդներ: Թեմայի ուսումնասիրման առարկան և օբյեկտը: Թեմայի ուսումնասիրության առարկա հանդիսանում է պարտավորության հասկացությունը և առանձնահատկությունները, դրանց տեսակային դասակարգումը: Մագիստրոսական աշխատանքի ուսումնասիրության օբյեկտն է պարտավորական հարաբերությունների վերաբերյալ առկա իրավակարգավորումները: Ուսումնասիրության նորմատիվային և տեսական հիմքը: Թեմայի ուսումնասիրման համար ելակետային են հանդիսացել հետևյալ նորմատիվ իրավական ակետրը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, ՌԴ Քաղաքացիական օրենսգիրք և դրանց մեկնաբանությունները, Ֆրանսիայի Հանրապետության քաղ. օր., ԳԴՀ քաղ. օր., Անգլիայի քաղ. օր., ԱՄՆ քաղ. օր, ինչպես նաև հետևյալ հայալեզու տեսական գրականությունը՝ Բարսեղյան Տ. Կ., Քաղաքացիական իրավունք, Եր. 2014, Գրիգոր Գ. Բեքմեզյան, Արտապայմանագրային պարտավորություններ, հր. ԵՊՀ, Ե. 2009, ռուսալեզու՝ Гонгало Б. М., Քաղաքացիական իրավունք, դասագիրք, 2-րդ հատ, Մ. 2017. Алексеева С. С. Քաղաքացիական իրավունք, դասագիրք, 2-րդ հր. Մ. 2009թ., Яковлева В. Ф. Քաղաքացիական իրավունք, դասագիրք, 2-րդ հր. Մ. 2003., Суханов Е.А. Քաղաքացիական իրավունք, դասագիրք, 2-րդ հր. Մ. 2000, Степанов С. А., Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանություններ, Մ. 2012, : Սույն թեման գիտականորեն տարբեր հեղինակների կողմից ենթարկվել է տարբեր աստիճանի ուսումնասիրման, տարբեր հեղինակների կողմից կատարվել են բազմաբնույթ առաջարկներ և տեսական վերլուծություններ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s