Իրավունք

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվիրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

Ի՞նչ է իրավունքը: «Իրավ» նշանակում է ճշմարիտ, իրոք: Ուրեմն, իրավունք բառը նշանակում է ճշմարիտ, իրավացի, արդար լինելը: Որոշ լեզուներում, օրինակ` ռուսերենում և անգլերենում, իրավունք բառը նշանակում է «աջ», այսինքն` արդար, անխարդախ: «Իրավունք» բառն օգտագործվում է եզակի և հոգնակի թվերով: Որպես եզակի իրավունք, այն նշանակում է համակարգ, որտեղ ամեն ինչ, անգամ պետական բարձրագույն իշխանությունը ենթարկվում են իրավական պահանջներին: Այս իմաստով հասարակագետները խոսում են իրավունքի գերակայությոան մասին: Բառն օգտագործվում է հոգնակի թվով մարդու իրավունքների մասին խոսելիս: Այս առումից իրավունքը շատ մոտ է ազատությանը, և մարդու իրավունքներն ու ազատություները համարյա հոմանիշներ են: Իսկ ի՞նչ կապ ունի իրավունքը պատախանատվության հետ: Իրավունքը և պատասխանատվությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են: Միայն իրենց իրավունքների մասին աղաղակող մարդիկ երբեմն մոռանում են, որ իրավունքները ծնում են նաև պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք: Իսկ ի՞նչ է պատասխանատվությունը: Պատասխանատվության խնդիրն առաջ է այն հասարակություններում, որոնցու կան ազատ անհատներ: Պատասխանատու լինել`նշանակում է գիտակցել ու հիմնավորել սեփական գործողություններն ու դրանց հետևանքները: